Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալլին, այսօր տեղեկացրել են Ադրբեջանի ԶԼՄ-ները։
Զեյնալլին Instagram սոցցանցի իր օգտահաշվում տեսանյութ է տեղադրել, որում տեղեկացրել է, որ Բաքու վերադառնալիս Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում իրեն բռնել է ոստիկանությունը եւ հասցրել բաժանմունք։
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ դեմ միջազգային հետախուզում է հայտարարել»,- նշել է նա՝ պարզաբանելով, որ այս չորեքշաբթի կանգնելու է ռուսաստանյան դատարանի առջեւ։
Զեյնալլիի խոսքով՝ ոստիկաններն ասել են, որ ինքը կարող է հանձնվել Հայաստանին։ Ֆիթնես-մարզչի խոսքով՝ իրեն փնտրում են անցած տարվա մայիսից. «Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ բռնել են միայն հիմա։ Մեր (ադրբեջանական) պետական կառույցների վրա է հույսս։ Ներկայում ոստիկանության բաժանմունքում եմ։ Հուսով եմ ՝ ամեն բան կհարթվի»։
Թե ինչ պատճառով են Ադրբեջանի քաղաքացու հանդեպ հետախուզում հայտարարել Հայաստանի իշխանությունները՝ չի նշվել։





























