Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է հիմնված լինի ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ըստ Գրիգորյանի՝ Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ վարչական սահմանները (Իրականում, ըստ հռչակագրի՝ «գոյություն ունեցող սահմաններ», ինչը նույնը չէ – խմբ.) ճանաչվում են որպես միջպետական սահմաններ։
«Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել է սահման, որը Ալմաթիի հռչակագրով ճանաչվել է միջազգային, և հիմնվելով ԽՍՀՄ ժամանակների վերջին քարտեզների վրա, այն պետք է վերականգնվի։ Սա խնդիր է, և դրա շուրջ մենք ցանկանում ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ։
Մենք վստահ ենք, որ դա օրինական մոտեցում է, այն չի խախտում միջազգային որևէ սկզբունք և հետևողական է հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկումները շարունակվում են, և ես վստահ եմ, որ մենք ի վերջո համաձայնության կգանք։ Պատմական քարտեզները մասնագիտական տեսանկյունից քարտեզներ չեն։ Իսկ ընդհանրապես հարց է առաջանում՝ պատմության մեջ որքա՞ն հետ կարող ես գնալ, հասնել Հռոմեական կայսրություն։ Մեզ համար նման քննարկումներն անընդունելի են: Մենք պնդում ենք, որ պետք է օգտագործել ԽՍՀՄ քարտեզները»,- ասաց Գրիգորյանը։
Պատասխանելով խաղաղության համաձայնագրի առաջարկների հետընթացի մասին հարցին՝ Գրիգորյանն ասաց, որ այն պահպանվում է Ադրբեջանից փոխանցված վերջին փոփոխություններում։ «Գործընթացում կարող է լինել առաջընթաց և հետընթաց, սակայն մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և այս առումով խաղաղության համաձայնագիրը մեզ համար առաջնահերթություն է։ Հուսանք, որ արտգործնախարարների և փոխվարչապետերի հանդիպումը առաջընթացի հնարավորություն կտա»,- նշել է Գրիգորյանը։











