Միջազգային հաքերների խումբը, որը հայտնի «Անանուններ» (Anonymous) անունով, սպառնացել է հարձակվել Իսրայելի պետական կառույցների, հետախուզության եւ բանակի ցանցային համակարգերի վրա: Հաքերները հայտնում են, որ կիբեռ-հարձակումը «Գազա ուղեւորված «Ազատության նավատորմի» գրավման վրեժը կդառնա», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ իսրայելյան «Հաարեց» թերթի` նախօրեին «Մոսսադի», բանակի եւ հատուկ ծառայությունների կայքերը ժամանակավորապես չեն գործել: Հաքերների տարածած տեսանյությում ասվում է, որ Իսրայելը խախտել է միջազգային ծովային իրավունքը եւ «Ծովահենական գրոհ» է իրագործել: Հայտարարության մեջ նշվում է. «Մենք չենք հանդուրժի անզեն քաղաքացիական անձանց նկատմամբ նման վերաբերմունքը: Մենք աշխարհի 127 պետությունների հետ ճանաչում են Պաղեստինի անկախությունը: Այն, ինչն իրագործում են Իսրայելի բանակն ու ծովային ուժերը, պատերազմական գործողություն է ինքնիշխան ազգի նկատմամբ»:
Խումբը զգուշացնում է, որ եթե Գազայի պաշարումը շարունակվի եւ այլ նավատորմեր էլ գրավվեն, իրենք ստիպված կլինեն գրոհել Իսրայելի ցանցային համակարգերը. այնքան ժամանակ, քանի դեռ հարձակումները չեն դադարել:




























