Սպորտային հագուստ եւ կոշիկ արտադրող գերմանական «Ադիդաս» ընկերությունը կիրակի երեկոյան ստիպված է եղել անջատել սեփական կայքը` հաքերների «ծանր» հարձակման  ենթարկվելու պատճառով: Սպորտային պարագաների գերմանական արտադրողի  հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք հաքերներին հաջողվել է կայքում գրանցված օգտագործողների տվյալներին տիրանալ, թե ոչ, սակայն նախազգուշական նկատառումներով ընկերությունն անջատում է հիմնական կայքը եւ դրա դուստր ծրագրերը` զուգահեռ տեղեկատվական անվտանգության լիակատար ստուգում անցկացնելով, հաղորդում է CyberSecurity.ru-ն:

Ըստ «Ադիդաս» -ի հայտարարության` ընկերության սերվերների վրա հաքերական հարձակումը կատարվել է նոյեմբերի 3-ին, որի արդյունքում չարագործներին հաջողվել է կայքի բովանդակության կառավարման համակարգ մուտք գործել: Ընկերությունը հայտարարության մեջ նաեւ վստահեցնում է օգտվողներին, որ մտադիր է որոշ «լրացուցիչ միջոցառումներ»  ձեռնարկել անվտանգության պահպանման ուղղությամբ եւ կրկին վերստուգել կայքերի աշխատանքն ապահովող բոլոր համակարգերը:

«Ադիդաս»-ը հայտնում է, որ աստիճանաբար կայքերի աշխատանքը վերականգնվում է, բայց մոտակա օրերին դրանց աշխատանքում հնարավոր են տարբեր տեւողության ընդհատումներ: «Մեզ համար մեր հաճախորդների տվյալներից ավելի կարեւոր բան գոյություն չունի: Մենք գնահատում ենք ձեր ըմբռնումն ու համբերությունը», - ասվում է «Ադիդաս»-ի հրապարակման մեջ:

Լրացուցիչ մեկնաբանություններ ընկերությունը դեռեւս չի արել: