FEMEN շարժման կիսամերկ ուկրաինացի ակտիվիստուհիները, նոյեմբերի 6-ին, Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում ակցիա են կազմակերպել եկեղեցու «անտանելի քաղաքականության» դեմ:

Ինչպես հաղորդում է FEMEN շարժման կայքը, ակցիայի երկու մասնակիցներ ձերբակալվել են դեռ հրապարակ մտնելիս: Շարժման առաջնորդ Ալեքսանդրա Շեւչենկոն հասել է Վատիկանի պետության կենտրոն եւ սուրբ Պետրոսի հրապարակի հենց կենտրոնում թոփլես-ակցիա է սկսել` անմիջապես Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պատշգամբի տակ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ Հռոմի Պապի կիրակնօրյա պատարագից հետո, ակտիվիստուհիները մոտեցել են անվտանգության ծառայությանը: Նրանցից մեկի` շիկահերի հագին եղել է նեղ ջինսե տաբատ, իսկ վերեւում թափանցիկ սեւ շղարշ, որի տակից երեւացել են կրծքերը:

Նրա ձեռքին եղել է պաստառ` «Ազատություն կանանց»:

Այսկերպ ակտիվիստուհիներն իրենց բողոքն են հայտնել «Պապի հայրիշխանության քարոզչությանը, որն աշխարհի վզին կանանց, նրանց սոցիալական վիճակի եւ մշակութային առաքելության մասին միջնադարյան պատկերացումներ է փաթաթում»:

FEMEN-ի կայքի փոխանցմամբ, Վատիկանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ցրել են լրագրողներին եւ ձերբակալել ակտիվսիտուհիներին, ինչպես նաեւ մի ավստրալուհի լրագրողի:

FEMEN-ի ուկրաինացի աղջիկներըավելի քան 4 ժամ անցկացրել են Հռոմի հրապարակում եւ միայն լրատվամիջոցների ճնշման շնորհիվ խուսափել են արտաքսման վտանգից: