«Զվարթնոց» օդանավակայանը ավիափոխադրման սակագները չի թանկացրել: Այս մասին նոյեմբերի 7-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը` մեկնաբանելով  «Արմավիա»  ավիաընկերության տարածած տեղեկատվությունը օդանավակայանում ծառայության գների բարձրացման վերաբերյալ:

«Արմավիա»  ավիաընկերության  հետ ձեռքբերած պայմանավորվածությունների վերաբերյալ Շխյանը նշեց, որ դա շատ բարդ գործընթաց է եւ շատ  կողմերով պետք է համաձայնեցվի.  «Չվերթների սպասարկման ժամանակացույցը կպահպանվի մինչեւ ընթացիկ շաբաթվա կեսը: Երկու կողմերի միջեւ տարաձայնությունները սովորական են առեւտրային հարաբերություններում: Ամեն դեպքում,  «Արմավիան» դրականորեն է տրամադրված պարտքի մարման հարցում, որը երկու անգամ գերազանցում է  սահմանված չափերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Արմավիա»  ավիաընկերության   եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ընկերության միջեւ բանակցությունները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 8-ը: «Արմավիայի»  մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի խոսքով` մինչ այդ ավիաընկերության չվերթները կիրականացվեն առանց ուշացումների:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Երեւան-Մոսկվա 512 երթուղին ուշացել էր, եւ, Ավետիսովայի խոսքով, պատճառը «Արմավիա»     եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ընկերությունների միջեւ տարաձայնություններն էին:

«Ձմռան շրջանում օդանավակայանը բարձրացրել է ծառայության սակագները: Այժմ բանակցություններ են տարվում. մենք համաձայն չենք նրանց սակագնային քաղաքականությանը, նրանք համաձայն չեն մեզ հետ: Մեր ղեկավարության խոսքով` օդանավակայանն արդեն կառուցվել է եւ կարելի է վերանայել սակագները»,- հայտնել է Ավետիսովան: