Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմեթովը հաշվում է «Զանգեզուրի միջանցքի» բացումից ակնկալվող շահը։
«Վերջին երկու ամսում Չինաստանից Տրանսկասպյան միջազգային տարանցիկ երթուղով ուղարկվել է 16 բլոկգնացք, եւ ձեռնարկված միջոցների շնորհիվ այդ բեռնարկղերի առաքումը Վրաստանի նավահանգիստներ զբաղեցրել է 12 օր։ Առաջ դա զբաղեցնում էր 40-50 օր»,- տեղեկացրել է Հումմեթովը՝ ելույթ ունենալով տարածաշրջանային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Համաշխարհային բանկի «Միջին առեւտրային եւ տրանսպորտային միջանցք. բեռնափոխադրումների եռապատկման եւ ժամանակի կրկնակի կրճատման քաղաքականություն եւ ներդրումներ» հետազոտությանը։
Նա նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է ներդրումներ կատարել ավտոճանապարհների եւ երկաթգծերի զարգացման գործում։ Գլխավոր հարցերից մեկը տրանսպորտային գծի շինարարությունն է, որը միավորելու է Զանգիլանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ»։ «Այս տրանսպորտային գիծը մեծ հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային-լոգիստիկ կապերի համար Միջին միջանցքի շրջանակում։ Ըստ գնահատականների՝ Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Միջին միջանցքի թողունակությունը տարեկան մինչեւ 8-10 մլն տոննա»,- փոխնախարարին մեջբերել է APA-ն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսպիսի լկտի ձեւով է «միջանցք» պահանջում Զանգեզուրում։ Ինչպես երեւում է վերոնշյալ տեքստից, դրանում ոչ մի խոսք չկա Հայաստանի մասին, իսկ ամբողջ նախագիծը ներկայացված է որպես «ներադրբեջանական»։





























