Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան եւ Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 7-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է, իրականացնել Նուբարաշենի տեղանքի տեխնիկական  հետազոտում եւ գնահատում, իրականացնել Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում, աշխատել պետական պաշտոնյաների հետ` գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար, արդյունքները ներկայացնել դոնորներին` Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:

1982 թ. Երեւանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ եւ կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: 2010 թ. տեղանքը բացվել է, ինչը բնապահպանական արտակարգ իրավիճակ է ստեղծել, քանի որ ԴԴՏ-ն ներթափանցել է շրջակա միջավայր: ԵԱՀԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին եւ վարձել փորձագետի, որը տեղացի մասնագետների հետ կազմել է տեղանքի արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր:

Ծրագրի համաձայն տեղանքը փակվել է կառավարության կողմից, սակայն տեղանքից այլ արտանետումների վտանգը շատ մեծ է, քանի որ այն գտնվում է բլրի ակտիվ սողանքային գոտում, որը շատ մոտ է բնակավայրերին ու գյուղատնտեսական գոտիներին:

ՀՀ կառավարությունը խնդրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին շարունակել հաջորդ փուլի իրականացումը, այն է` գնահատման հետազոտության իրականացում: Այս ուսումնասիրությամբ կորոշվեն տեղանքից շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը, լցոնված նյութերի բաղադրությունն ու գեոֆիզիկական իրավիճակը եւ կառաջարկվեն տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ:

Ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրության համար ԵԱՀԿ-ն հայտարարելու է միջազգային մրցույթ: