Ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտի հայազգի փաստաբան Ալբերտ Դայանը երդվյալ ատենակալներից մեկին կանխակալության մեջ է մեղադրել: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, իրավաբանի նման կասկածի պատճառ է դարձել երդվյալներից Հիզեր Հոբսոնի հարցազրույցը, որում նա խոստովանել է, թե դիտել է «Զինաբարոն» ֆիլմը, որի գլխավոր հերոսի նախատիպը հենց Բուտն է, եւ այն համարել է «սարսափելի»:
«Հաջորդ շաբաթ փաստաբանը հարցը կբարձրացնի դաշնային դատարանի առջեւ, կարող է խոսվել անգամ գործի վերանայման մասին»,-ասել է Բուտի կինը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ դատաքննությունից առաջ երդվյալները հավաստիացրել էին, որ ոչինչ չգիտեն դատապարտյալի եւ նրա գործունեության մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նյույորքյան դատարանը ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտին մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքի բոլոր չորս կետերով: Բուտը մեղավոր է ճանաչվել ամերիկացիներին եւ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների սպանելու նպատակով դավադրության, հրթիռների ձեռք բերման եւ վաճառքի փորձի, ինչպես նաեւ ահաբեկչության աջակցության մեջ:
Ինքը` Բուտը, իրեն մեղավոր չի ճանաչել եւ ոչ մի կետով, սակայն դրանցից յուրաքանչյուրով նրան սպառնում է 25 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:




























