Արեգակնային համակարգի Իններորդ մոլորակը, որը հայտնի է նաեւ որպես Х մոլորակ, ուսումնասիրել են Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետները։ Այս մասին տեղեկացրել է LiveScience պորտալը։
Մեր աստղային համակարգում էլի մեկ մոլորակի գոյության վարկածը առաջ է եկել Կոյպերի գոտում (աստղակերպերի մեծ դաշտ Նեպտունի ուղեծրից դուրս) մի շարք օբյեկտների հայտնաբերումից հետո, որոնք տարօրինակորեն շեղված ուղեծրեր ունեին։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման հետագծերը կարելի է բացատրել միայն հսկայական մոլորակի, որը յոթ անգամ ավելի մեծ է Երկրից, ձգողականությամբ։ Եթե Х մոլորակը իսկապես գոյություն ունի, ապա այն պետք է դառնա մեծությամբ հինգերորդն Արեգակնային համակարգում՝ գրավելով Երկրի տեղը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ Իններորդ մոլորակը գտնվում է 500-600 աստղաբանական միավոր հեռու Արեգակից, այսինքն՝ Երկրից 500-600 անգամ ավելի հեռու մեր հարազատ աստղից։
Աստղաբաններն ուսումնասիրել են Х մոլորակի գտնվելու հավանական վայրի տարածքի 78 տոկոսը, բայց ոչինչ չեն հայտնաբերել։ Տարածքի մնացած մասը գտնվում է Հավայների Pan-STARRS դիտարանի հասանելիությունից դուրս, որի հեռադիտակի օգնությամբ իրականացվել են դիտարկումները։
Գիտնականների խոսքով՝ իրենք հուսով են Իններորդ մոլորակը գտնել արդեն մի քանի տարի հետո։





























