«Երեւան Սիթի»  սուպերմարկետների գործունեությունը չի նպաստում սոցիալական լարվածությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւան Սիթի» առեւտրային ցանցի  տնօրեն Վարդան Ֆարմանյանը: Մեկնաբանելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` մանրածախ առեւտրի շուկայում մոնիտորինգի եւ  գերիշխող սուբյեկտների բացահայտման վերաբերյալ գործունեությունը, նա նշեց, որ ներկա իրավիճակը օբյեկտիվորեն է գնահատված: «Շուկայի մասնակիցների չափաբաժինը, այդ թվում` մեր առաջտար դիրքը,  ադեկվատ են»,-կարծում է Վ. Ֆարմանյանը:

Հարցին, թե արդյոք սուպերմարկետների ցանցերը չեն փոխում սոցիալական պատկերը մանրածախ առեւտրի ոլորտում եւ դուրս չեն մղում առավել փոքր խանութներին, Վ. Ֆարմանյանը պատասխանեց, որ իրենց ցանցի մասով նման խնդիր չի տեսնում: «Մենք սոցիալական լարվածություն չենք ստեղծում: Մեր աշխատանքում եւ գնային քաղաքականության մեջ ձգտում ենք  առավելագույնս սոցիալական կողմնորոշման»,-հայտարարեց նա:

Նշենք, որ համաձայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մանրածախ առեւտրի շուկայի ուսումնասիության` «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը, որը կառավարվում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից,  գերիշխողներից մեկն է համարվում: