Խաղաղությունը վերաբերում է Բաքվին ու Երեւանին, դա կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ. Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի երկու երկրների կողմից: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ:
Հաջիևի խոսքով, Ադրբեջանը ցանկանում է, որ հարավկովկասյան տարածաշրջանը դառնա փոխակերպման, խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։
Միաժամանակ նա հայտարարել է, որ «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա»։ Ագրեսիան, որը հանգեցրեց էթնիկ զտումների և Լեռնային Ղարաբաղի լիակատար հայաթափման, Ադրբեջանի ներկայացուցիչը բացատրել է «ՄԱԿ-ի ինքնապաշտպանության իրավունքով»։
Ողջ հայ բնակչության արտաքսումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ «Ադրբեջանի օրակարգը ներառում է «խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն»։
«2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը մշակել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Կողմերի միջև դիվանագիտական բանակցությունները շարունակվում են: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ղեկավարների հանդիպումն անցել է արդյունավետ և դրական մթնոլորտում»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանը պետք է լինի իրական սահման, ոչ թե առճակատման գիծ»։
Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ այս առումով ադրբեջանական կողմը բաց հարց ունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։ Նրա խոսքով, «այլևս չպետք է խրախուսվեն ռազմականացման ծրագրերը»։
«Ադրբեջանը կշարունակի հաղորդակցությունների կառուցումը Հարավային Կովկասում։ Այս գործընթացը սկսվել է ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, այլ շատ տարիներ առաջ։ Եվ Վրաստանի ու Թուրքիայի հետ միասին իրական երկաթուղային բաղադրիչ կառուցեցինք։ Մյուս կողմից, մենք կառուցել ենք նաև էներգետիկ բաղադրիչ, որն ընդգրկում է Հարավային Կովկասը, Թուրքիան, Սև ծովը և Կասպից ծովը»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։
Նշենք, որ Հաջիևի խաղաղասիրական հայտարարություններին նախորդել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որը կոչ էր անում Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։





























