Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, ինչի հետեւանքով մի շարք տնտեսվարողներ զերծ են մնացել գների չհիմնավորված բարձրացումից: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 8-ին Ազգային Ժողովում հանդես եկավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Որպես օրինակ նա բերեց ձվի շուկան;

Ըստ Ա. Շաբոյանի` դեռեւս ապրիլին, Զատկի տոներից առաջ ձու արտադրողները հանդես եկան հայտարարություններով, որ հանրապետությունում ձվի արտադրությունը չի բավարարում պահանջարկը: ՏՄՊՊՀ-ն այդ հայտարարությւոններից անմիջապես հետո տեղեկատվություն պահանջեց ձու արտադրողներից, սահմանեց խիստ հսկողություն; Արդյունքում, ըստ Ա. Շաբոյանի, ձուն չթանկացավ:

Ինչ վերաբերում է շաքարավազի թանկացմանը, ապա Ա. Շաբոյանը կրկնեց նախկինում արած իր հայտարարությունը` շաքարավազը թանկացել է ինվոյսային արժեքի բարձրացման հետեւանքով: Սակայն Ա. Շաբոյանը հատուկ ընդգծեց, որ դա դեռ չի նշանակում միջազգային շուկայում շաքարավազի գնի բարձրացում: Ուղղակի ներկայում ներմուծվող շաքարավազը կամ դրա հումքը մաքսազերծվում է միջազգային գներին համապատասխան: «Շաքարավազը ներկայում հնարավոր նվազագույն գնով է վաճառվում, համեմատեք ցանկացած ալ երկրների հետ»,- պատգամավորներին դիմեց Ա. Շաբոյանը, իսկ առավել կասկածամիտ պատգամավորները հրավիրվեցին ՏՄՊՊՀ` համատեղ քննարկումներ անելու եւ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու: