Հայաստանի եւ Իրանի միջեւ որեւէ խնդիր չկա, որը հնարավոր չլիներ կարգավորել բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իրանցի իր գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, այլ կան տեխնիկական հարցեր, որոնք առաջանում են, դրանք բնական են` հաշվի առնելով հարաբերությունների ծավալը: Այդ տեխնիկական հարցերը լուծվում են բանակցությունների ճանապարհով, նկատել է Նալբանդյանը:

Իր հերթին Իրանի ԱԳ նախարարը նշել  է, թե պաշտոնական Թեհրանի նպատակն է լավ հարաբերություններ ունենալ իր բազմաթիվ հարեւանների հետ: Հարեւան երկրների բարգավաճումը, խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը բխում են Իրանի շահերից: Տեխնիկական հարցերը քննարկվում եւ լուծվում են, ասել է նախարարը: