Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 8-ին, հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրի`  նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան կատարած առաջին այցելությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-իրանական պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:

Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստան այցելելու հնարավորության համար: Իրանի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը մշտապես բարձր է գնահատել հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը, եւ շարունակելու է հետեւել իր որդեգրած քաղաքականությանը:

Զրույցի ընթացքում արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին անդրադարձել են այս տարվա վերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող  հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին խոսեցին նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքից:

Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: