Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման մեջ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Իրանի ԱԳ նախարարը արձանագրել է, որ Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ներկայումս կազմում է տարեկան 100 հազար, բայց հույս է հայտնել, որ կգա օրը, երբ այդ թիվը կանցնի մեկ միլիոնի սահմանը, երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարվի, եւ քաղքացիների տեղափոխությունը նույնքան ազատ կլինի, որքան մեկ երկրի սահմաններում:
Խոսելով երկրների տնտեսական հնարավորությունների մասին, նախարարը նշել է, որ նրանք մեծ պոտենցիալ ունեն, սակայն օգտագործում են ոչ ամբողջ պոտենցիալը: Տնտեսական նախագծերի շարքում նախարարը նշել է ջրի ընդհանուր օգտագործման նախագիծը, մասնավոր հատվածի համագործակցության ակտիվացումը: Սալեհին ընդգծել է Հայաստանի հատուկ դիրքը միջազգային ասպարեզում: Նրա խոսքով, աշխարհագրորեն փոքր Հայաստանը մեծ ազդեցություն ունի շնորհիվ աշխարհով մեկ ցրված Սփյուռքի: «հայերն ապրում են ավելի քան 100 երկրներում: Նրանք Հայաստանի դեսպաններն են»,- ասել է Սալեհին` հավելելով , որ որտեղ էլ ապրեն հայերը, նրանք ազնիվ աշխատողներ են, եւ նպաստում են Հայաստանի հեղինակության բարձրացմանը:




























