ՔՊ-ի հետ այսօրվա հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերը. Օրակարգը դա է եղել: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանի տնտեսությունը կորուստներ ունենա, մասնավորապես, Լարսը փակվի մեր առջեւ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Որպեսզի երկարաժամկետ առումով մենք այդպիսի խնդիրներ չունենանք, Հայաստանը գնում է իր տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, փորձում է նոր գործընկերներ գտնել: Որոշ տեղերում հաջողություններ ունենք, որոշ տեղերում՝ չունենք: Բնականաբար, Հայաստանը հասկանում է, որ ձեր նշած խնդիրները հնարավոր են եւ դրանց լուծման նպատակով էլ դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը»:
Դիտարկմանը՝ մտավախություն չունե՞ն, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է անվտանգության առումով լուրջ խնդիրներ առաջացնել եւ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտվել առիթից, Արմեն Գրիգորյանն ասաց. «Եկեք հարցին մեկ այլ տեսանկյունից նայենք. Մենք առնվազն մինչեւ 2021-ի դեկտեմբերը մեր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել ենք ՌԴ-ի հետ: Նույնիսկ կարելի է ասել 100 տոկոսը, եւ մենք ունեցել ենք Ադրբեջանը լայնածավալ 3 հարձակում եւ Հայաստանի տարածքի օկուպացիա: Մենք ունեցել ենք բազմաթիվ այլ խնդիրներ: Հիմա այս խնդիրների պայմաններում Հայաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվել են: Միանշանակ՝ ոչ, պարզապես Հայաստանի դաշնակիցները նրան չեն օգնել, երբ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել: Հայաստանը հաշվի առնելով սա սկսել է դիվերսիֆիկացնել եւ անվտանգության նոր երաշխիքներ փնտրել»:











