Ռուսաստանը կարեւորագույն խաղացող է Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ դա կապված է նաեւ այն բանի հետ, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի հետ առեւտուրը 2016-ից, հատկապես Ռուսաստանի հետ, էապես ավելացել է, եւ հատկապես 2022-ից, ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, ի հաշիվ ինչի էլ գրանցվել է վերջին շրջանի տնտեսական աճը։
Նա նշել է հայ-ռուսական հարաբերություններում 2018 թվականից աննախադեպ սրացման մասին։ «Ընդ որում՝ կարեւոր է հաշվի առնել, որ արտահանումը Ռուսաստան կազմում է ընդհանուր ցուցանիշի մեծ բաժինը, 2022թ. այդ ցուցանիշը եղել է մոտ 40 տոկոսի մակարդակում, իսկ այժմ՝ մոտ 50։ Արտահանման աճի տեմպը կապված է Ռուսաստան արտահանման, ինչպես նաեւ վերարտահանման հետ։ Մենք չէ՞ որ այդքան ապրանքներ չենք բերել, արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճի ցուցանիշները բավական համեստ են։ Արտահանման էական մասն ուղղվել է նաեւ ԱՄԷ, ինչն, իր հերթին, վկայում է ռուսական ապրանքների վերարտահանում այդ երկիր»,- նշել է Արամյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին գրանցվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճ. 2022թ.՝ կիսով չափ, 2023թ. 40 տոկոս։
Նրա գնահատմամբ՝ ուղիղ ներդրումների մասով էներգետիկայի, լեռնարդյունահանման եւ այլ ոլոտներում Ռուսաստանի բաժինը նույնպես էական է։ «Իսկ ներդրողները, միջոցներ ներդնելու մասին որոշումներ ընդունելիս, նայում են տարբեր երկրների հնարավորություններին։ Այս իմաստով կարեւոր նշանակություն ունեն տնտեսության ծավալները, ենթակառուցվածքը, օրենսդրական բազան, քաղաքական դիրքը։ Օրինակ, հազիվ թե խելամիտ գործարարը Հայաստանից ներդրումներ կկատարի Ադրբեջանում կամ Պակիստանում՝ ելնելով անվտանգության ոլորտի հարցերից։ Տնտեսվարող սուբյեկտները, որոշումներ կայացնելիս, հաշվի են առնում ոչ թե մեկ, այլ մի քանի ցուցանիշներ, այդ թվում քաղաքական ասպեկտները»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ հայ ժողովուրդը չի դադարում իր խնդիրների համար մեղադրել ուրիշներին։ «Մեղադրանքները մեկ նախկինների, մեկ ռուսների, մեկ թուրքերի հասցեին՝ քայքայիչ քաղաքականություն է, որը ոչ մի տեղ չի տանում»,- ամփոփել է Վարդան Արամյանը։











