Էներգետիկ առումով Վրաստանը միանգամայն ազատ է եւ արտադրում է սեփական էլեկտրաէներգիան: Այդ մասին EuroActive-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` հավելելով, որ վրացական էլեկտրաէներգիան նույնիսկ արտահանվում է Ռուսաստան:

«Մենք փաստացի վճարվում ենք գազի ոչ մեծ քանակության փոխադրման համար, որը Ռուսաստանից մատակարարվում է մեր հարավային հարեւան Հայաստանին: Մենք գազ եւ նավթ ենք ներմուծում Ադրբեջանից, իսկ եթե ավելին, ապա մենք մատակարարումներ ենք ստանում նաեւ Թուրքմենստանից»,-հայտարարել է նա` հավելելով, որ Ռուսաստանը էմբարգոյի, շանտաժի եւ ճնշման միջոցով վերածեց Վրաստանին Ռուսաստանից ամենաքիչ կախում ունեցող պետության, միութենական նախկին հանրապետությունների շրջանում:

Ինչ վերաբերվում է Վրաստանի` Եվրամիությանն անդամագրվելու մտադրությանը, ապա Սահակաշվիլին հայտարարել է, որ որքան մոտ լինի Թբիլիսին ԵՄ-ին, այնքան շատ Ռուսաստանը պետք է վերաիմաստավորի իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ: «Վերջիվերջո, Ռուսաստանը եւս ցանկանում է լինել Եվրոպայի մի մասը, նույնիսկ, եթե դա անում է այլ ուղիներով եւ այլ մակարդակով: Մի օր Ռուսաստանը եւս ընթանալու է ԵՄ-ը»,-հայտարարել է նա: