Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով հինգ զոհվածների ընտանիքներն այսօր` նոյեմբերի 8-ին, ստացել են Հայաստանի կառավարության հատկացրած մեկական միլիոն դրամը։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում բնակվող եղբայրներ Մեխակ եւ Արմեն Սորսումատյանների ընտանիքները Կառավարության հատկացրած դրամական աջակցությունը ստացան ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներից: ԱԻ փոխնախարար Ռ. Տիգրանյանը, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, նրանց փոխանցեց մեկական միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր էր, որից առավել վտանգավորը` 130 մետր, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր էր:

Սողանքի հետեւանքով մահացել էր 5 մարդ: