Ռուալ Վալենբերգի հիմնադրամի պատվավոր նախագահ, գործարար Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաեւ Բարուհ Տենեմբաում հիմնադրամը նամակ են հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ողջունում են նրա արտահայտությունները Հայոց ցեղասպանության մասին:
«Ռուալ Վալենբերգի հիմնադրամի, գլոբալ գիտահետազոտական ընկերության անունից, թույլ տվեք հայտնել մեր անկեղծ շնորհավորանքները Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ արված հայտարարությունների առնչությամբ:
Երեւանում Դուք հստակ արտահայտվեցիք, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որն արժանի է ավելիին, քան անհատական դատապարտումը եւ որ 1915-2011 ժամականհատվածը բավական էր որոշում կայացնելու համար: «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է: Կոլեկտիվ ժխտումն ավելի վատ է, քան անհատական ժխտումը»,-հայտարարեցիք Դուք, կոչ անելով վերանայել Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի սպանությունները:
Հատկանշական է նաեւ Ձեր առաջարկությունը, որ Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը, ինչպես գործում է Հոլոքոստը հերքելու համար օրենքը»,-ասվում է նամակում:




























