«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարթենսի հրավերով, այս օրերին գտնվում է Բրյուսելում, որտեղ մասնակցում է մի շարք միջոցառումների:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 7-ին Հովհաննիսյանը ներկա էր ԵՄ արժույթի ճգնաժամին նվիրված` ԵԺԿ համաժողովի քննարկումներին, որի օրակարգում էր` «Եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով ապահովելու խնդիրը»: Բանախոսներն էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դոկտոր-պրոֆեսոր Հանս Ջիռոմսը, «Ֆայնենշըլ Թայմս» հեղինակավոր պարբերականի բրյուսելյան բյուրոյի ղեկավար Փիթեր Շպիգելը եւ հայտնի այլ գործիչներ ու փորձագետներ: Համաժողովի շրջանակներում Հովհաննիսյանը մտքեր փոխանակեց Ժոզե Մանուել Բարոզոյի եւ այլ մասնակիցների հետ:
Նոյեմբերի 8-ի առավոտյան նա ԵԺԿ գրասենյակում պաշտոնական հանդիպում է ունեցել այդ կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսի հետ: Հովհաննիսյանը եւ Մարթենսը քննարկել են ԵԺԿ-ին դիտորդի կարգավիճակով «Ժառանգության» անդամակցության ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ վճռորոշ նշանակություն պետք է ունենար հանդիպումից հետո մեկնարկող` ԵԺԿ քաղաքական վեհաժողովից ակնկալվող դրական որոշումը:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է «Ժառանգության» հայտը` գաղափարախոսությունը, ծրագրային դրույթները, ինչպես նաեւ Հայաստանի ապագայի վերաբերյալ կուսակցության տեսլականը: Ելույթից հետո Հովհաննիսյանը պատասխանել է բազմաթիվ հարցերի, որոնց միջոցով համաժողովի մասնակիցները ցանկանում էին պարզել արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրների վերաբերյալ «Ժառանգության» գնահատականներն ու դիրքորոշումները:
Օրվա ընթացքում Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԵԺԿ այլ ղեկավարների, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ ԵՄ անդամ երկրներից ժամանած պատվիրակների հետ:
ԵԺԿ քաղաքական համաժողովի օրակարգի հարցերից մեկը Հայաստան փաստահավաք առաքելություն ուղարկելը եւ չորս դիմորդ կուսակցությունների («Ժառանգություն», ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ) անդամակցության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելն է:




























