Հայաստանն ու իրանը վճռական են բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու հարցում: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Հայաստանի ԱԺ-ում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը  նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ բոլոր բնագավառները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում:  ԱԺ նախագահի խոսքով` ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հաստատած օրակարգի համաձայն:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է  նաեւ հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը:

Իրանի ԱԳ նախարարը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները: «Իրանի համար Հայաստանը վստահելի հարեւան  եւ  բարեկամ է»,- նշել է պարոն Սալեհին: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարեւորվեց էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում երկկողմ առանցքային նախագծերի իրականացումը:  Նա բարձր է գնահատել իրանահայ համայնքի գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում` նշելով. «Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ եւ հարգված են բոլորի կողմից»:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: