Իրանի մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի քարտուղար Քազեմ Գարիբաբադին կոչ է արել հանել Իսրայելին ՄԱԿ կանանց գործերով հանձնաժողովից (CSW), տեղեկացրել է Mehr-ը։

Գարիբաբադին իր կոչը ներկայացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում՝ վկայակոչելով կանանց եւ աղջիկների հանդեպ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։

«Ինչպես ձեզ հայտնի է, իրավիճակը Գազայի հատվածում աղետալի է։ Իսրայելական վարչակարգը կատարել է բոլոր միջազգային քրեական հանցագործությունները, ինչպիսին են հանցագործությունները մարդկության դեմ, ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը, էթնիկ եւ ցեղային զտումներն ընդդեմ Գազայի հատվածի անպաշտպան բնակչության։

Այսօրվա դրությամբ ավելի քան 30 000 մարդ է զոհվել, ավելի քան 72 000 հոգի վիրավորվել է, որոնց 70 տոկոսը՝ կանայք եւ երեխաներ»,- նշել է Գարիբաբադին ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղած նամակում։

Նա նաեւ ընդգծել է, որ հարյուր հազարավոր բնակելի, բժշկական, կրթական շենքեր, հոգեւոր կառույցներ եւ ենթակառուցվածքի օբյեկտներ լրիվ ավերվել են կամ լրջորեն վնասվել վարչակարգի անընդհատ գրոհների եւ ռմբակոծությունների հետեւանքով։

«Պաղեստինցի կանայք եւ աղջիկները Գազայի հատվածում բազմիցս ենթարկվել են ձերբակալությունների իրենց ընտանիքների անդամների եւ երեխաների հետ միասին, նրանց մահապատժի են ենթարկում, հետապնդում եւ սպանում, նրանցից շատերի ձեռքին սպիտակ լաթ է եղել, երբ սպանվել են իսրայելցի զինվորականների կողմից։ Գազայում ձերբակալված կանանց պահում են անձրեւի տակ, ցուրտ պայմաններում, առանց ուտելիքի»,- գրել է Գարիբաբադին։

Նրա խոսքով՝ փորձագետները լուրջ անհանգստություն են հայտնել պաղեստինցի կանանց եւ աղջիկների դեմ սեռական հարձակումների, մի շարք կանանց եւ երեխաների անհետացման եւ Իսրայել տեղափոխման հետ կապված։