Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ասելով, որ երկու հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, հաղորդում է Tasnim-ը:
Շաբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ծրագրերը։
Խոսելով դեկտեմբերին Երևան կատարած այցի և Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի հետ դրական բանակցությունների մասին՝ Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է քաղաքական, տնտեսական, առևտրային, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման և խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում կծառայի երկու երկրների շահերին և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և հաստատուն անվտանգությանը՝ առանց արտաքին միջամտության։




























