Ամբողջ Հարավային Կովկասը հետաքրքիր տարածաշրջան է մի շարք եվրոպական երկրների համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի միտք է արտահայտել Հայաստանում Բելգիայի ոչ ռեզիդենտ դեսպան Քրիսթին Սթիվենսը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է խոսել Բելգիայի եւ Հարավային Կովկասի երկկողմ փոխհարաբերությունների առաջնահերթության մասին` հաշվի առնելով, որ Անդրկովկասում Բելգիայի ռեզիդենտ դեսպանատուն միայն Ադրբեջանում է գործում, Ք. Սթիվենսը նշեց. «Հարավային Կովկասը հետաքրքիր տարածաշրջան է մի շարք եվրոպական երկրների համար: Այստեղ լավ հնարավորություններ կան կառուցողական համագործակցություն սկսելու համար, որը կարող է վերաբերել տնտեսական, կրթական եւ այլ ոլորտներին»:
Խոսելով Բելգիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին` դեսպանն ընդգծեց երկու երկրների գործարարների պարբերական շփումները, այդ թվում`ArmenWal ծրագրի շրջանակներում, որտեղ Բելգիայի Վալոնյան շրջանը համագործակցում է Հայաստանի հետ:Հիշեցնենք, ծրագիրը նախաձեռնել էին Հայ-բելգիական առեւտրային պալատը եւ Հայաստանի զարգացման գործակալությունը` UNIDO-ի հովանավորությամբ: Դեսպանը նշել է, որ համագործակցության լավ հնարավորություն է ստեղծում նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: «Ընդհանուր առմամբ, համագործակցության հեռանկարները լավատեսություն են ներշնչում», -հավելել է Ք. Սթիվենսը:




























