Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը գիշերային արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Կուրսորը», քննարկվել է տվյալ իրավիճակին համարժեք արձագանքի հարցը:

Գրասենյակի ներկայացուցիչների հետ մեկտեղ խորհրդակցությանը ներկա են գտնվել արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, այդ թվում` գլխավոր տնօրեն Ռաֆի Բարաքը եւ Ռազմավարության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջերեմի Իսասհարոֆը:

Քննարկվել է հենց այս գիշեր նախարարների ռազմաքաղաքական կաբինետը հավաքելու հարցը, բայց հետո փոշմանել են: Խորհրդակցության ընթացքում որոշվել է առայժմ զերծ մնալ ԱԷՄԳ-ի զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց` դա թողնելով արեւմտյան լրատվամիջոցներին:

Նախօրեի երեկոյան վարչապետի գրասենյակը կառավարության անդամներին արգելել էր Իրանի ատոմային ծրագրի մասին ԱԷՄԳ-ի զեկույցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ, հայտնում է  «Ռոսբալտը» :

Հիշեցնենք, նոյեմբերի 8-ին հրապարակվել է Իրանի ատոմային խնդրի մասին  ԱԷՄԳ-ի զեկույցը, որում նշվում է, որ իրանցի մասնագետները ատոմային պայթուցիկ սարքի մշակմանն ուղղված թեստեր են անցկացրել: