ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Սթիվեն Մնուչինը ներդրողների խումբ է ստեղծում՝ TikTok սոցիալական ցանցը չինական ByteDance ընկերությունից ձեռք բերելու համար:

Մնուչինը ղեկավարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ 2017 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի հունվարը։ Նախկինում նա աշխատել է Goldman Sachs-ում և մի շարք ներդրումային ընկերություններում։ Պաշտոնաթողությունից հետո Մնուչինը գլխավորել է Liberty Strategic Capital ներդրումային ընկերությունը։

Ամերիկացի օրենսդիրները կարծում են, որ չինական ByteDance-ի կողմից վերահսկվող TikTok-ը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ ՉԺՀ-ի իշխանությունները կարող են ստիպել ընկերությանը փոխանցել ամերիկացի օգտատերերի տվյալները իրենց։