Վրաստանի իշխանությունները ընդլայնում են հայալեզու և ադրբեջանախոս ուսանողների ֆինանսավորման ծրագիրը, որը նախատեսում է պետական լեզվի ուսուցում, հայտնում է Կրթության նախարարությունը։

2024-2025 ուսումնական տարվանից «1+4» ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի Վրաստանի քաղաքացի հանդիսացող 400 ուսանող՝ 200 աշակերտ, որոնց մայրենի լեզուն հայերենն է, իսկ 200-ը՝ ադրբեջաներենը, գրում է «Новости-Грузия»-ն: Մինչ այժմ ծրագրով տարեկան ընդունվել է 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանող։

«Հարկ է նշել, որ «1+4» ծրագրում հայալեզու և ադրբեջաներենի թեստերի արդյունքներով ընդգրկված ուսանողների դրամաշնորհը կկազմի 450-450 հազար լարի։ Տարեցտարի ֆինանսավորման չափը կավելանա»,- հայտնում են կրթության նախարարությունից:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագիրը Վրաստանում իրականացվում է 2010 թվականից։ Այն հնարավորություն է տալիս դիմորդներին ընդունվել վրացական բուհեր իրենց մայրենի լեզվի ընդհանուր հմտությունների քննություն հանձնելուց հետո՝ հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և աբխազերեն: Անցողիկ գնահատական ստանալու դեպքում ոչ վրացալեզու ուսանողները Վրաստանի պետական բուհերում մեկ տարի սովորում են վրացերեն։ Ստանալով անհրաժեշտ միավորներ՝ նրանք կարող են ուսումը շարունակել ցանկացած ֆակուլտետում։

Պետությունը ֆինանսավորում է ինչպես վրացական նախապատրաստական կուրսը, այնպես էլ բակալավրիատը։