Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ երկրում նավթի արդյունահանումը կավելացվի օրական 400 հազար բարելով, գրում է Mehr-ը։
Ըստ նրա, Իրանը վերջին տարիներին ավարտին է հասցրել գրեթե 130 անավարտ նախագիծ և սկսել 28,5 միլիարդ դոլար արժողությամբ 50 նոր նախագիծ։
Բացվելու պատրաստ է 5 նավթաքիմիական գործարան, ինչը կնպաստի նավթի արդյունահանման ավելացմանը, ասել է նա՝ հավելելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք գազաֆիկացվել է 5500 գյուղ։
«Մենք կարողացել ենք նավթագազային հատվածի տնտեսական աճը մեծացնել տարեկան ավելի քան 20 տոկոսով»,- հավելել է նա։
Օվջին այդ մասին հայտարարել է չորեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով վեց նավթավայրերի շահագործմանը վերաբերող պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։
«Ազադեգան», «Ազար-2», «Սումար», «Սաման», «Դելավարան» և «Մասջեդ Սոլեյման» նավթային հանքավայրերի շահագործման 13 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերը ստորագրվել են Իրանի նավթի նախարարի, Իրանի նախագահի և Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գլխավոր տնօրենի ներկայությամբ:





























