Ռուսաստանում միապետության վերականգնման հարցը սահմանադրական ճանապարհով պետք է որոշի ռուս ժողովուրդը: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Մեծ իշխանուհին:

«Ես չեմ կարող ասել, դա տեղի կունենա՞, թե՞ ոչ: Եթե գա այդպիսի պահ, երբ ժողովուրդն զգա, որ դա իրեն պետք է, կարտահայտվի այդ մասին, իսկ կայսերական տունը միշտ պատրաստ է օգնել, ինչով կարող է: Բայց ես կարծում եմ, որ քաղաքականություն խաղալն իմ դերը չէ, քանի դեռ ժողովուրդը որոշում չկայացնի եւ չցանկանա»,- ասել է նա:

Հարցին, թե ինչո՞ւ Կայսերական ընտանիքը Մադրիդից չի վերադառնում Ռուսաստան, հատկապես, որ արդեն 20 տարի է երկիրը ժողովրդավարական է, Մարիա Ռոմանովան պատասխանել է. «Երեւի, անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանում հասունանա այդ ցանկությունը` ունենալ Կայսերական տուն, ծայրահեղ դեպքում որպես պատմական ինստիտուտ»:

Նշենք, որ Մեծ իշխանուհին Հայաստանում է գտնվում նոյեմբերի 5-ից` ճանաչողական այցով: Վաղը` նոյեմբերի 10-ին, նա կմեկնի Հայաստանից: