Այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում, Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա են հարձակվել երկու մարդ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նրանք զենքի սպառնալիքով, գանձապահից գումար են հափշտակել ու փորձել են դիմել փախուստի:

Նրանք փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Նախնական տեղեկություններով վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը փոխանակման կետի աշխատակիցն է:

Երկու հանցագործները կարողացել են դիմել փախուստի, արձակելով 4-5 կրակոց:

Այս պահին դեպքի վայրում ոստիկանները աշխատանքներ են իրականացնում` վարժեցված շների օգնությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:

Տեղազննություն իրականացնող քննիչները դեպքի վայրում գազային ատրճանակի գնդակներ էին գտել: