Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն այսօր`նոյեմբերի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Նա ծաղկեպսակ դրեց եւ Անմար կրակի մոտ հարգեց զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի եւ Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւի ուղեկցությամբ` Յոնաս Գահր Շտյորեն այցելեց թանգարան-ինստիտուտ, որտեղ Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրեց ներկայացված ցուցանմուշներին:
Նորվեգիայի ԱԳ նախարարը գրառում թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում` երախտագիտություն հայտնելով, որ թանգարանում մաս է հատկացվել նաեւ իր հայրենակից Ֆրիտյոֆ Նանսենին: Նա նաեւ լուսանկարեց հուշահամալիրի տարածքում գտնվող նորվեգացի հայտնի հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշաքարը:
Թանգարան-ինստիտուտի տնօրենը Նորվեգիայի ԱԳ նախարարին եւ Մարիտ Գրեւին հանձնեց «Ֆրիտյոֆ Նանսեն 150» հուշամեդալ: Նույն հուշամեդալից կհանձնվեն նաեւ նորվեգական թագավորական ընտանիքի անդամներին, որոնք կփոխանցի նախարարը:
Նշենք, որ Յոնաս Գահր Շտյորեն անվանական եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշամահալիրի հարեւանությամբ գտնվող Հիշատակի պուրակում:




























