Հայաստանի Հանրապետական կուսակցության` քիչ առաջ ավարտված գործադիր մարմնի նիստը տեւել է ընդամենը 15 րոպե, եւ նիստի ընթացքում որեւէ մեկի հրաժարականի  հարցը չի քննարկվել: Չի քննարկել նաեւ Ազգային ժողովի  նախագահի եւ փոխնախագահի հարցը: Այդ մասին նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովը:

Նիստին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Կուսակցության գրասենյակ է այցելել կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հերթական հանդիպումն էր կուսակցության ներկայացուցիչների հետ, քննարկել ենք կազմակերպչական հարցեր: Օրինակ` երկուշաբթի օրվանից սկսվելու են սկզբնական կազմակերպությունների ժողովները: Արտառոց որեւէ բան չի քննարկվել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը կոռեկտ չի համարել խոսել ԱԺ նախագահի ու փոխնախագահի թեկնածությունների մասին, քանի որ դեռ Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարում է եւ հրաժարական չի ներկայացրել:

Նշենք, որ դեռ նիստը չսկսած, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն եւ Էդուարդ Շարմազանովը դիտել են ՀՀԿ գրասենյակի մոտ գտնվող շինհրապարակը, որտեղ շինարարություն է ընթանում: ՀՀԿ մամուլի  խոսնակը նշել է, որ մտադիր են ընդլայնել ՀՀԿ գրասենյակի շենքն այդ շինության հաշվին: