Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադ) եւ Կիպրոսի նմանատիպ ծառայության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել` Թուրքիայի ռազմական պոտենցիալին հետեւելու համատեղ գործողությունների վերաբերյալ, հաղորդում է իսրայելական «Կուրսորը»:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը, համաձայնագիրը ստորագրվել է նախորդ շաբաթ, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Կիպրոս այցելության ժամանակ: Նշվում է նաեւ, որ Կիպրոսի պաշտպանության նախարարը մոտ օրերս կայցելի Իսրայել:
Ըստ պարբերականի, համաձայնագիրը ներառում է Թուրքիայի ռազմական պոտենցիալի, ինչպես նաեւ Թուրքիայի բանակի կողմից տարածաշրջանում իրականացվող մանեւրների մասին տեղեկատվության փոխանակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան լուրջ դժգոհություն էր հայտնել Իսրայելի եւ Կիպրոսի համատեղ զորավարժությունների առնչությամբ: Թուրքերը ենթադրում են, որ այդ վարժանքներով Թուրքիային ակնարկում են, թե ինչ կարող է լինել, եթե այդ երկրների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լ ավելի վատթարանան:
Ի պատասխան այս դժգոհության, Կիպրոսի մայրքաղաք Նիկոսիայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ դրանք սովորական վարժանքներ են եւ չունեն քաղաքական որեւէ ենթատեքստ:



























