Ռուսական կայսերական տան Մեծ իշխանուհի Մարիա Ռոմանովան հավատում է ռուս-վրացական հաշտությանը: Այս մասին նա ասել է այսօր` նոյեմբերի 9-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք բոլորս պետք է ձգտենք դրան»,- նշել է Ռոմանովան, հավելելով, որ նման դեպքերում, միշտ բերում  մեծ ընտանիքի օրինակը, որի որոշ անդամներ ցանկանում են ինքնուրույն ապրել, սակայն դա չի նշանակում, որ պետք է մոռանալ հարազատների մասին:

«Այստեղ էլ նույնն է: Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր պատմությունը, ընդհանուր կրոնը: Երեւի ավելի վստահելի է հույս դնել հարազատների, քան ինչ-որ օտարերկրացիների վրա, որոնք ավելի հաճախ իրենց շահերն են պաշտպանում, քան` մեր: Ես կիսով չափ վրացուհի եմ եւ ինչպես մյուս մարդիկ, գտնվելով նման վիճակում, երազում եմ հաշտության մասին: Ես վստահ եմ, որ ի վերջո, իմաստությունը կհաղթի»,- նշել է Մեծ իշխանուհին:

Նշենք, որ Մեծ իշխանուհին Հայաստանում է գտնվում նոյեմբերի 5-ից` ճանաչողական այցով: Վաղը` նոյեմբերի 10-ին, նա կմեկնի Հայաստանից: