Հայաստանում մինչեւ 2027թ. կստեղծվեն 46 դպրոցներ բարձր սեյսմիկ անվտանգությամբ։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի մասին (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի հավանության հարցի քննարկման ժամանակ, մարտի 19-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագիրը գործում է 2015-ից վարկային համաձայնագրի շրջանակում, որն ստորագրվել է Հայաստանի կառավարության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 107 մլն դոլար է։ Դրանցից 88,5 մլն-ն վարկային միջոցներ են, 18,5 մլն-ն՝ պետական համաֆինանսավորում։

Ծրագրի հիմնական ցուցանիշը առնվազն 46 դպրոցների շինարարությունը կամ ամրապնդումն է, ինչպես նաեւ անվտանգ կրթական պայմանների ապահովումը 22,5 հազար սովորողների համար։

Նախատեսված են նաեւ սեյսմիկ շինարարության նորմերի վերանայում, սեյսմիկ շինարարւթյան հրահանգների ստեղծում եւ այլն։

«Ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց։ Այժմ կառուցվում են 20 դպրոցներ։ Աշխատանքները կավարտվեն 2026թ., նախագծային աշխատանքներ են կատարվում 10 դպրոցներում»,- նշել է Տերտերյանը։

Նրա խոսքով՝ 2027թ. բոլոր 46 դպրոցները կհանձնվեն շահագործման։ 2024թ. ավարտին կհասցվի 7 դպրոցի շինարարությունը։ Հետո կսկսվի եւս 10-ի շինարարությունը։ Փոխնախարարը նշել է, որ ծրագրի համար հատկացված միջոցների 80 տոկոսը արդեն ծախսվել է։