ՆԱՏՕ-ն բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից կշարունակի Վրաստանին օգնել: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին, Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ- Վրաստան հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Այսօր մեր հանդիպման գլխավոր թեման Վրաստանում անցկացրած ներքին բարեփոխումներն են, կքննարկենք պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումները, ինչպես նաեւ ռազմական ֆինանսավորման հարցը: Կզրուցենք Վրաստանին այսօր եւ ապագայում սպասվող խոչընդոտների մասին: Երեք տարի առաջ Բուխարեստում պայմանավորվեցինք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում իր հայտարարությանը: Բուխարեստի գագաթնաժողովից հետո Վրաստանն իրականացրեց որոշակի բարեփոխումներ եւ ՆԱՏՕ-ն այսօր այստեղ է, որ օգնի շարունակել բարեփոխումների իրականացումը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ, այսօր Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով: Նիստը կկայանա նոյեմբերի 9-10-ին: