Վերջին շրջանում ՀՀ բարձր ղեկավարության կողմից հնչել են հայտարարություններ այն մասին, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվում են միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու հարց: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նրա խոսքով այդ հայտարարությունները չեն բխում մեր պետական եւ ազգային շահերից եւ հղի են անդառնալի իրավական, դիվանագիտական, քաղաքակրթական եւ ռազմավարական կորուստներով. «Հրաժարվելով հանցագործին պատժելի միջազգային իրավական գործիքներից, Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան եւ նրա ցեղասպանական վարքագիծը, հանցագործություն, որը որակվում է   որպես մարդկության դեմ գործած»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ այդ դեպքում առոչինչ են դառնալու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի,  հանրային եւ մասնավոր սեփականության, Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգության պաշտպանության եւ այլ իրավունքներ:

«Ի՞նչ հիմքեր ունեն այս հայտարարությունները, գիտակցո՞ւմ եք արդյոք այս քաղաքական որոշման ողջ պատասխանատվությունը եւ հետեւանքները, իսկապե՞ս համոզված եք, որ միակողմանի եւ շարունակ բավարարելով Ադրբեջանի պահանջները կարելի է հասնել կայուն խաղաղության կամ կասեցնել Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ թուրք-ադրբեջանական շարունակական պահանջները»,-դիմելով վարչապետին հարց ուղղեց պատգամավորը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք, որ եթե խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ պատրաստ լինի ստորագրելու, եւ Հայաստանը համարի, որ ինքը կարող է ստորագրել եւ լինի այդպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի եւ նույնիսկ կարող է տրամաբանական լինել:

Կարծում եմ, որ մենք գիտենք, որ այդ հարցում միակողմանի ընկալումները մեզ հնարավորություն չեն տալիս ամբողջական դիտարկել իրավիճակը: Մենք ունե՞նք արդյոք մեր ճշմարտությունները: Իհարկե, ունենք, բայց դա չի նշանակում, որ դա աշխարհում միակ ճշմարտությունն է աշխարհում»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց` եթե տեսնեն, որ հաստատվում է կայուն ու տևական խաղաղություն ու դրան վերջին շտրիխն է մնացել լրացնելու` կարող են գնալ այդ քայլին:

«Եթե տեսնենք, որ չէ, չի ստացվում կայուն ու տևական խաղաղություն, պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի»,- ասաց նա:

Հիշեցնենք` մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա՞  Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային գանգատներից հրաժարվելու հարց, ասել էր, որ բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է: «Հարցը պետք է լինի երկուստեք: Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նշել էր Փաշինյանը: