Ջուրն աստիճանաբար նահանջում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից, եւ իշխանությունները ծրագրում են քաղաքը ցամաքեցնել 11 օրվա ընթացքում: «Bangkok Post» թերթը տեղեկացնում է, որ օրական մոտավորապես 400 մլն խմ ջուր է լցվում ծովը:
Տարածքային իշխանությունները համաձայն չեն այն կանխատեսմանը, թե քաղաքին դեռ հյուսիսից եկող ջրեր են սպառնում: Գետերի ջրի մակարդակը զգալիորեն իջել է, եւ ջրհեղեղի կրկնվելու հավանականությունը մեծ չէ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հոսքի գրեթե կեսն արդեն լցվել է ծովը: Բանգկոկի ամենաշատ տուժած Բանգ Պլատ շրջանում ջուրը նվազել է 10 սմ-ով, հայտնում է «Вести.Ру»-ն:
Ըստ վերջին տվյալների` Թաիլանդում ջրհեղեղի հետեւանքով 529 մարդ զոհվել, երկուսն անհայտ կորել են: Ընդհանուր առմամբ, տարերքից տուժել են 24 նահանգներ եւ 2.8 մլն բնակիչներ:




























