Քարտեզների ընտրությունն ամենադժվար խնդիրն է, եւ այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն բանակցությունների առկայության դեպքում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 21-ին ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Քարտեզները, նրա խոսքով, շատ են, եւ այդ քարտեզները պետք է մշտապես փոխել։ «Այժմ պետական սահմանի անցկացման նախագիծն իրականացվում է ըստ մասերի»,- տեղեկացրել է Քոչարյանը։
Սակայն, նրա կարծիքով, այսուհետ մանիպուլյացիաների առարկա է դարձել ոչ այնքան քարտեզների թեման, որքան այն, որ Հայաստանն, իբր, «զիջում է իր տարածքը»։
«Հայաստանը ոչինչ չի զիջում։ Ներկայիս իշխանությունները գործում են պարզ սկզբունքով. ինչ մերն է՝ մերն է։ Սակայն դա պետք է գրանցվի երկկողմ համաձայնագրի շրջանակում»,- նշել է հանձնաժողովի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում։





























