Այն, ինչը գտնվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ոչ ոք չի կարող ու չի պատրաստվում որեւէ հող հանձնել։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 21-ին ասել է «Քաղպայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ կրկնելով վարչապետի հայտնի թեզիսը։
«Միեւնույն ժամանակ, այն, ինչ գտնվում է այդ սահմաններից դուրս՝ գտնվում է դրսում»,- ցիտելը շարունակել է Հովհաննիսյանը։
Իսկ ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը չհամաձայնեցված քարտեզներով, ապա, ինչպես նշել է Հովհաննիսյանը, այդ մասին արդեն խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա չի լինի մեր գաղափարների քարտեզը, այլ կոնկրետ քարտեզ։ Այդ հարցերը լուծվում են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովներում, եւ մենք շարժվում ենք առաջ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը։ Ռիսկեր գոյություն ունեն միշտ։ Մենք չենք ասում, թե գնում ենք անռիսկ ճանապարհով։ Ոչ, կան ռիսկեր, կան մարտահրավերներ, եւ մենք ընթանում ենք այդ ճանապարհով հենց նրա համար, որպեսզի լուծենք այդ բոլոր մարտահրավերները»,- ընդգծել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ խոսքը բնավ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին չէ։ ՀՀ իշխանությունները ազդարարել են Ադրբեջանին մի քանի գյուղեր հանձնելու մասին՝ չսպասելով գործընթացի սկսվելուն եւ անգամ ոչ մի համաձայնություն չունենալով Բաքվի հետ այս հարցում։





























