Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները մարտի 21-ին անուղղակիորեն հաստատեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը կիրականացվի առանց միջնորդների և առանց որևէ միջազգային երաշխիքների։
«Ինչ վերաբերում է միջազգային երաշխիքներին, մենք շարունակում ենք մեր գործընկերներից անվերապահ աջակցություն ակնկալել տարածաշրջանում խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության առումով։ Եվ այս համատեքստում մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Այս համագործակցության արդյունքները կարող եք տեսնել, մասնավորապես, մեր եվրոպացի գործընկերների դեպքում»,- ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ հայկական կողմը բաց է և պատրաստ է ներգրավել բոլոր այն գործընկերներին, ովքեր հարգում են կարգավորման երեք սկզբունքները, որոնք արտացոլված են Գրանադայի հայտարարության մեջ։





























