Այն, ինչ արել է Փաշինյանը, բավական է, որ Տավուշի 4 գյուղերը հանձնելու պահանջը չկատարելու դեպքում Ադրբեջանը ռազմական գործողություններ ձեռնարկի․ նա ազատություն տվեց Ադրբեջանին և լեգիտիմացրեց Բաքվի հնարավոր ռազմական ագրեսիան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Նույնը վերաբերում է Արցախի հարցին։ Արցախի վերջնական անկումը սկսվեց պահանջների նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Դրանից հետո էր, որ Բաքուն հայտարարեց, թե դա նշանակում է, որ Հայաստանի պահանջներն անօրինական են, և դիմեց ագրեսիայի։ Ոչ ոք չգիտի՝ որտեղ են ավարտվում Ադրբեջանի պահանջները, մինչդեռ Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում այդ պահանջները միայն կավելանան»,- հավելել է վերլուծաբանը։

Նա վստահ է, որ Փաշինյանը փորձում է խաբել հանրությանը։

«Սահմանազատման համար կողմերը նախ պետք է համաձայնեցնեն քարտեզները, բայց երկու կողմն էլ հայտարարել է, որ նման պայմանավորվածություններ չկան։ Այնուհետև սահմանազատման գործընթացում սահմանները քարտեզի վրա պետք է որոշվեն ամբողջ սահմանով մեկ, ոչ թե սահմանի մի մասում միայն: Սա ամենադժվար գործընթացներից մեկն է, որից հետո կողմերը պետք է սկսեն սահմանազատել, այսինքն՝ տեղում որոշել սահմանները։

Միայն սրանից հետո կարող է դրվել այս կամ այն տարածքից զորքերի դուրսբերման հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Կողմերը դա պետք է անեն զուգահեռաբար։ Կողմերը, սակայն, այս փուլերից ոչ մեկը չեն անցել, և Փաշինյանն ասում է, որ Տավուշի 4 գյուղ պատկանում է Ադրբեջանին։ Միաժամանակ, նա միտումնավոր հակասական հայտարարություններ է անում՝ հարմար պահին իրեն անհրաժեշտին անդրադառնալու համար։

Նախօրեին Փաշինյանը նախ հայտարարեց, որ միլիմետր առ միլիմետր գիտի, թե որտեղ է Հայաստանի սահմանը, իսկ ավելի ուշ ասաց. «Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ է Հայաստանի սահմանը»։ Ընդ որում, նա դժգոհություն է հայտնում ՀԱՊԿ-ի դիրքորոշման վերաբերյալ, թեև հենց ինքը չի կարող հստակ հայտարարություն անել այս հարցով։ Ուստի, Տավուշի գյուղերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները միայն մեկ պատճառ ունեն․ Ադրբեջանը համապատասխան պահանջ է ներկայացրել, Փաշինյանն ասում է, որ սահմանագծումն ուսահմանազատումը պետք է իրականացվեն խորհրդային քարտեզներով, թեև Ադրբեջանն իրեն համարում է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Ուստի, Բաքուն ցանկացած պահի կարող է հղում անել դրան»,- նշել է փորձագետը։

Կիվիրյանի խոսքով՝ Տավուշն այն տարածքներից է, որտեղ հայկական պաշտպանական գիծը չի ավերվել՝ ի տարբերություն հարավի, որտեղ սահմանը հստակ չի եղել, քանի որ անցնում էր Արցախով։

«Հետևաբար, Ադրբեջանն առաջ քաշեց այս պահանջը, որպեսզի հետո անցնի Հայաստանի Սահմանադրության հետաձգված խնդրին և այլ հարցերի։ Փաշինյանն իր ձեռքով քանդում է Տավուշի պաշտպանական գիծը: Նա խոստովանում է, որ Հայաստանը դարձրել է Ադրբեջանի կցորդը, և ինքն ընդամենը վասալ է, որը գույքագրում է բնակչության խնդիրները և ներկայացնում ֆեոդալին։ Չէ՞ որ Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը ասել է, որ եթե տների հետ կապված խնդիր կա, մենք փաստաթղթեր կհավաքենք ու կներկայացնենք Բաքվին։ Այսինքն՝ Հայաստանի ղեկավարը չի կարող լուծել ՀՀ քաղաքացիների խնդիրը»,- ընդգծել է Կիվիրյանը։