Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ)  նոյեմբերի 11-ին, կհյուրընկալի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011թ. Մրցանակի դափնեկիր, APPLE COMPUTER կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին եւ նրան ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում կշնորհի:

ՀՊՃՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի, բուհի ղեկավար անձնակազմի եւ ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:

Մինչ այժմ ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել INTEL կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2-րդ մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական եւ հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին եւ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: