Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` նոյեմբերի 10-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն շնորհավորել է Վոզնյակին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նրան շնորհված մրցանակի առիթով: Նա ընդգծել է, որ այցի ընթացքում Սթիվ Վոզնյակն առիթ պիտի ունենա ճանաչելու հայ ժողովրդին եւ նրա հոգեւոր ուժի արգասիքներն ու դարերով կերտած արժեքները:
Գարեգին Բ-ն իր օրհնությունն է բերել անհատական համակարգչի ստեղծողին` մարդկությանը բերած օգտակար ծառայության համար` մաղթելով նորանոր ներշնչանքներով առավել մեծ թռիչք հանուն մարդկային կյանքի զարգացման:
Իր հերթին Apple ընկերության համահիմնադիրը ներկայացրել է նաեւ Apple-ի հետագա զարգացման իր տեսիլքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրոնի եւ գիտության փոխհարաբերություններին:



























