Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում, քաղաքի սրտում` Նավոնա հրապարակի վրա գտնվող «Բրասկի թանգարանում», նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այն նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ` ՀՀ Մշակույթի նախարարության գործնական աջակցությամբ եւ Պատմության թանգարանի մասնակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի եւ արվեստի, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացված էին Դվինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական, տնտեսական եւ հոգեւոր արժեքները:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրել են Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության պետ Ումբերտո Բրոկոլլին եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Իր ելույթում Ումբերտո Բրոկոլլին նշել է, որ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարեւոր մասնիկ, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»:
«Մենք` իտալացիներս, հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր եւ հայերի մշակույթը մեկ միասնական մշակույթ է»,-ասել է նա: Պարոն Բրոկոլլին, բարձր գնահատելով հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ, հատկապես առանձնացրել է ճարտարապետության, երաժշտության եւ մանրանկարչության ոլորտները:
Դեսպան Ռուբեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ Դվին քաղաքը աշխարհի ամենահնագույն բնակավայրերից է: Այն հիմնադրվել է դեռեւս մ.թ.ա 3 հազարամյակին եւ հանդիսացել է արվեստների ու մշակույթի քաղաք: «4-րդ դարում հռչակվելով Հայաստանի մայրաքաղաք` Դվինը վերածվեց խոշորագույն տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի: Նա հիրավի դարձավ Արեւելքը Արեւմուտքի հետ կամրջող Մետաքսի մեծ ճանապարհի մայրաքաղաքե:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ «Հավերժական» քաղաքում առաջին անգամ նման ցուցադրության կազմակերպումը մեծաթիվ իտալացիների ու զբոսաշրջիկների համար փայլուն առիթ է Հայաստանի պատմության ու հայ ժողովրդի հոգեւոր մշակութային կյանքի հետ ծանոթանալու համար եւ բացառիկ իրադարձություն է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցության բնագավառում:
Ցուցահանդեսին ներկայացված էին արժեքավոր նմուշներ, որոնք այցելուներին պատկերացում են տալիս ոչ միայն Դվինի, այլ Հայաստանի մեկ այլ` արվեստների եւ մշակույթի հռչակավոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:
Բացման արարողությանը հայկական ժողովրդական երաժշտության համերգով հանդես է եկել դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. հունվարի 29-ը եւ այդ ընթացքում ծրագրվում են մի շարք միջոցառումներ` հռոմեացիներին հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգության հետ ծանոթացնելու ուղղությամբ:




























