Լոռիի եւ Շիրակի մարզերում, այսօր` նոյեմբերի 10-ին, կեսօրից հետո տեղացած առատ ձյան հետեւանքով ոչ երթեւեկելի են Ջաջուռի ոլորաններն ու հարակից ճանապարհը: Ներկա պահին, Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածի Ջաջուռի ոլորաններում մոտ 10 ավտոմեքենաներ չեն կարողանում հասնել Վանաձոր, մերկասառույցի եւ ձյան հետեւանքով առաջացած բքի պատճառով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հավաքված վարորդներն ու մեքենաների ուղեւորները կատարվածի մասին արդեն տեղյակ են պահել Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության ու տրանսպորտի բաժին, որտեղից էլ բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը պատասխանել է, որ ինքն անձամբ կկապվի ճանապարհաշինական ընկերությունների հետ ու տեղյակ կպահի պատասխանատու մարմիններին` ճանապարհին աղ ու ավազ լցնելու, ու այն երթեւեկելի դարձնելու համար, նա նաեւ հավելել է, որ աշխատանքներն ուշանում են, քանի որ այս պահին աղալցման ու ճանապարհամաքրման աշխատանքներ են կատարվում Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում:
Որոշ ժամանակ անց, Խաչատուր Խնձրցյանը կապվել է իրեն ահազանգած մարդկանց ու հայտնել, որ 20 րոպեի ընթացքում հարցին լուծում կտրվի:
Հավելենք, որ նշված 10 ավտոմեքենաների մեծ մասն ամառային անվադողերով են ու իրենց խոսքով, եթե հարցին շուտափույթ լուծում չտրվի, անխուսափելի կլինեն դժբախտ պատահարները:



























