Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար ուժ չգործադրելու մասին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ձեր երկիրը կարճ ժամանակահատվածում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենսդրության եւ միջազգային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն առաջընթաց ապրեց: Սակայն Վրաստանը ունի ներքին անվտանգության լուրջ խնդիր: Մենք չենք ճանաչել եւ ապագայում էլ չենք պատրաստվում ճանաչել Վրաստանի տարածաշրջանների` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ Ռասմուսենի եւ վրացի ուսանողների 40 րոպե տեւողությամբ հանդիպման ժամանակ, գլխավոր քարտուղարը պատասխանել է նաեւ ուսանողությանը հետաքրքրող հարցերին: