Մայքլ Ջեքսոնի տան կահույքն ու առօրյա իրերը աճուրդի են դրվել, այդ թվում` երկտեղանի մահճակալը, որի վրա 2,5 տարի առաջ մահացել է փոփ-երաժշտության արքան, գրում է Independent-ը:

Juliens Auctions աճուրդի տունը այլ ցուցանմուշների ցանկում նշել է նաեւ գրատախտակը, որ Ջեքսոնն օգտագործում էր իր երեք երեխաների հետ նամակագրության համար: Դրա վրա դեռ պահպանվում է «Ես սիրում եմ հայրիկին: Ժպտա, դա անվճար է» գրառումը:

Բացի այդ, վաճառվելու են ֆրանսիացի նկարիչներ Անրի Ռուսսոյի եւ Մորիս Ուտրիլոյի երկու նկարները:

«Մենք ցանկանում ենք պահպանել այդ իրերը պատմության համար»,- ասել է աճուրդի տան տնօրեն Դարրեն Ջուլիենը: Աճուրդը կայանալու է նոյեմբերի 14-ին, Լոս Անջելեսում:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին, ցավազրկողների գերդոզավորումից: Գործով ձերբակալվել է բժիշկ Կոնրադ Մյուրեյը, ում մեղավոր են ճանաչել ոչ կանխամտածված սպանության համար: